Նորություններ
2020 թվականի հունիսի 18-ին վիդեոկոնֆերանսի ֆորմատով կայացավ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ազգային մարմինների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Ստանդարտների բյուրոյի ներկայացուցիչները:
Հեռավար հանդիպմանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերության տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին, տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը, Ստանդարտացման բաժնի պետ Թերեզա Բաբայանը, նույն բաժնի մասնագետներ Աննա Գրիգորյանը և Արուս Պողոսյանը:
Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովը դիտարկեց առաջարկությունները` Համաձայնագրի անդամ պետությունների ստանդարտացման ոլորտներում համաձայնեցված գիտատեխնիկական քաղաքականության անցկացման վերաբերյալ:
59-րդ նիստի քննարկման հիմնական թեման էր 2019-2021թթ. Միջպետական ստանդարտացման ծրագրի 2020թ. աշխատանքների համապատասխան իրականացումը:
Վերանայվեց ստանդարտացման ոլորտում փոխըմբռնման Հուշագրի իրականացման ընթացքը` Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, Էլեկտրատեխնիկայի ստանդարտացման եվրոպական կոմիտեի, Հեռահաղորդակցության ոլորտում ստանդարտացման եվրոպական ինստիտուտի և Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման եվրասիական խորհրդի միջև:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև միջպետական այն ստանդարտների մշակման հարցը, որոնց շուրջ կային տարաձայնություններ: Մի շարք ստանդարտների մասով հաջողվեց ձեռք բերել համաձայնություն:
ՀՀ <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերությունը հանդես էր եկել առաջարկով` ԳՕՍՏ 3858-73 <<Թթու կաղամբ: Տեխնիկական պայմաններ>> ստանդարտը չեղարկել այն դեպքում, երբ Մաքսային միության 021/2011 <<Սննդամթերքի անվտանգության ապահովման>> տեխնիկական կանոնակարգերով ապահովվող ստանդարտների ցանկում կներառվի ԳՕՍՏ 34220-2017 <<Աղի և թթու բանջարեղեն: Ընդհանուր տեխնիկական պայմաններ>> ստանդարտը: Հանդիպման ընթացքում ՀՀ <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերության առաջարկն ընդունվեց:
Նիստի ընթացքում հատուկ ուշադրության արժանացավ նաև Ստանդարտների բյուրոյի տեղեկատվությունը` ԳՕՍՏ 32945-2014 <<Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ: Ճանապարհային նշաններ: Տեխնիկական պահանջներ>> ստանդարտում փոփոխություններ կատարելու/վերանայելու և հայերեն այբուբենի մուտքագրման անհրաժեշտությունը: Որոշվեց, որ ՀՀ <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերությունն ըստ սահմանված կարգի կկազմակերպի ԳՕՍՏ 32945-2014-ում համապատասխան փոփոխություններ կատարելու/վերանայելու աշխատանքների իրականացումը: