Ստանդարտացման միջազգային կազմակերպություն (ԻՍՕ)
Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1946 թվականի հոկտեմբերի 14-ին Լոնդոնում կայացած կոնֆերանսի ժամանակ ստանդարտացման ազգային քսանհինգ կազմակերպությունների կողմից, իսկ փաստացի աշխատանքները սկսել է 1947 թվականի փետրվարից: Համարվում է աշխարհում ստանդարտներ մշակող ամենամեծ կազմակերպությունը: Կազմակերպության անվանումն ընտրելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անվանումը բոլոր լեզուներով հնչի նույնը: Այդ իսկ պատճառով օգտագործվել է հունարեն ,,isos,, բառը, որը թարգմանաբար նշանակում է հավասար և Ստանդարտացման միջազգային կազմակերպության անվանումը բոլոր լեզուներով հնչում է ISO (ԻՍՕ): Ստանդարտացման միջազգային կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը: Գործունեությունը տարածվում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, բացառությամբ էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի, որոնք Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ, IEC) իրավասության ոլորտում են: Որոշ աշխատանքներ կատարվում են այս երկու միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով: Ստանդարտացման ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված աշխատանքնները կանոնակարգելու նպատակով Ստանդարտացման միջազգային կազմակերպության և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից ստեղծվել է ԻՍՕ/ԻԷԿ ՄՏՀ 1 միավորված տեխնիկական հանձնաժողովը, որն առաջին և առայժմ միակ միավորված տեխնիկական հանձնաժողովն է:
Ստանդարտացման միջազգային կազմակերպությունն իրենից ներկայացնում է ոչ կառավարական կազմակերպություն և ունի 162 անդամ (մեկական անդամ յուրաքանչյուր երկրից): Կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Կազմակերպությունն ունի անդամակցության երեք կատեգորիա`
- լիիրավ անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում պետական կառուցվածքի մաս կազմող կամ պետության կողմից լիազորված ստանդարտացման ոլորտում լիարժեք գործունեություն իրականացնող մարմիններն են և Ստանդարտացման միջազգային կազմակերպությունում ունեն քվեարկելու իրավունք;
- թղթակից անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում դեռևս չեն իրականացում ստանդարտացման լիարժեք գործունեություն: Այս անդամները ստանում են տեղեկատվություն ԻՍՕ-ի աշխատանքների վերաբերյալ, սակայն չեն մասնակցում ստանդարտների մշակման աշխատանքներին;
- բաժանորդ անդամ- փոքր տնտեսություն ունեցող երկրներն են, որոնք վճարում են քիչ անդամավճար և չեն կարող մասնակցել միջազգային ստանդարտացման աշխատանքներին:
Ստանդարտացման եվրոպական կոմիտե (ՍԵՆ)
Ստանդարտացման եվրոպական կոմիտեն ստեղծվել է 1961 թվականին Եվրոպական տնտեսական խորհրդի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի ստանդարտացման ազգային մարմինների կողմից: Ստանդարտացման եվրոպական կոմիտեն Էլեկտրատեխնիկայի ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆԷԼԵԿ) և Հեռահաղաղորդակցության եվրոպական ստանդարտների ինստիտուտի (ԵՏՍԻ) հետ միասին Եվրամիության կողմից պաշտոնապես ճանաչված է որպես Եվրոպական ստանդարտացման մարմին: Ստանդարտացման եվրոպական կոմիտեի պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և գերմաներենը:
Ստանդարտացման եվրոպական կոմիտեն ունի 48 անդամ (մեկական անդամ յուրաքանչյուր երկրից): Կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Կազմակերպությունն ունի անդամակցության երեք կատեգորիա`
- լիիրավ անդամ- 30 եվրոպական երկրների ազգային ստանդարտացման կազմակերպություններն են, որոնք Ստանդարտացման եվրոպական կոմիտեի Գլխավոր վեհաժողովում և Ղեկավար բյուրոյում ունեն քվեարկության իրավունք և ապահովում են Տեխնիկական բյուրոյի աշխատանքը և սահմանում են աշխատանքային ծրագիրը: Լիիրավ անդամները պարտավոր են եվրոպական ստանդարտները ընդունել որպես ազգային ստանդարտ և չեղյալ հայտարարել դրանց հակասող ազգային ստանդարտները:
- միացող անդամ- Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ կամ թղթակից անդամ հանդիսացող և Եվրամիության հարևանության երկրի ստանդարտացման մարմիններն են, որոնք չունեն քվեարկության իրավունք, սակայն կարող են մասնակցել Գլխավոր վեհաժողովին և տեխնիկական մարմինների աշխատանքներին:
- գործընկեր անդամ- Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) անդամ հանդիսացող երկրների ստանդարտացման ազգային մարմիններն են, որոնք աշխարհաքաղաքական պատճառներով չեն կարող դառնալ Ստանդարտացման եվրոպական կոմիտեի