Արագածի գիտական կենտրոնը, որը գտնվում է Արագած լեռան լանջին՝ ծովի մակերևույթից 1700-1750 մետր բարձրության վրա՝ Օրգով և Տեղեր գյուղերից դեպի վեր, ստեղծվել է 1970թ.՝ որպես անտենային չափումների էտալոնային կենտրոն։
Այսօր գիտական կենտրոնը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության հաշվեկշռում է։
Վերազինված չորս էտալոնները (ԳԷՊԻ-0.25, ԳԷՊԻ-0.5, ԳԷՊԻ-1 և ԳԷՊԻ-2), որոնք գտնվում են Արագածի գիտական կենտրոնում՝ մի քանի կիլոմետր չափեր ունեցող բարդ ռելիեֆով ազատ տարածությունում, այժմ ՀՀ ազգային չափանմուշ են:
Հատկապես վերջին տարիներին գիտական կենտրոնն իր ՌՕԴ-54/2,6 ռադիո-օպտիկական աստղադիտակով հայտնվել է ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրացիների ուշադրության կենտրոնում՝ որպես պատմա-գիտական զբոսաշրջային բացառիկ վայր։
82,3 հեկտար տարածք զբաղեցնող Արագածի գիտական կենտրոնը վերը թվարկածից զատ աչքի է ընկնում իր ուրույն բնապատկերով՝ սաղարթախիտ, այդ թվում նաև՝ պտղատու ծառեր, իրենց ազատ թռիչքը վայելող թռչուններ, հայկական խրոխտ լեռներին միաձուլվող բազմագույն մայրամուտներ, թարմ օդ, և այս ամենը, կարծես, կատարելապես ամբողջական է դառնում գիտական կենտրոնից երևացող Տեղերի վանական համալիրի անտարբեր չթողնող տեսարանով։
Այսպիսով, Արագածի գիտական կենտրոնը գիտության, պատմության, մշակույթի և բնության հրաշալի թանգարան է բաց երկնքի տակ։
«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎՃԱՐՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Այցելուների համար սահմանել Արագածի գիտական կենտրոնի տարածք մուտքի հետևյալ վճարները.
· Մինչև 7 տարեկան – անվճար,
· 7 տարեկանից բարձր՝ 1.500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ /ներառյալ՝ ԱԱՀ/ , Այցելուների մուտքը կազմակերպվում է մուտքի պահին՝ անկանխիկ եղանակով։
2. Լուսանկարահանման նպատակով Արագածի գիտական կենտրոնի տարածքի մեկանգամյա մուտքավճարը սահմանել 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/ վճար՝ նախնական պայմանավորվածությամբ՝ հայտի կամ գրության հիման վրա:
3. Ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանման նպատակով Արագածի գիտական կենտրոնի տարածքի օգտագործման 1 օրվա համար սահմանել 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/ վճար՝ նախնական պայմանավորվածությամբ՝ հայտի կամ դիմումի հիման վրա, իսկ երկարաժամկետ լուսանկարահանումների և տեսանկարահանումների դեպքում՝ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
4. Ոլորտի մասնագիտական ունակություններով և համապատասխան փորձառություն ունեցող անձի ուղեկցման վճարը սահմանել 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ /ներառյալ՝ ԱԱՀ/՝ նախնական պայմանավորվածությամբ։
5. Գիտական կենտրոնի տարածքում գտնվելիս այցելուներին ուղեկցում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության պահակային ծառայության աշխատողները։
6. Արագածի գիտական կենտրոնի այցելուներին արգելվում է տեղում լուսանկարահանում և տեսանկարահանում կատարել և ՌՕԴ-54/2.6 աստղադիտակի և գիտական կենտրոնի վերաբերյալ հրապարակել որևէ տեղեկատվություն՝ առանց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ թույլտվության:
7. Արագածի գիտական կենտրոնի այցելուներին արգելվում է մուտք գործել ռադիո-օպտիկական աստղադիտակի հարավային թունելի և թասի ներսի հատված։
8. Այցելությունները կարող են կազմակերպվել ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև 19։00-ն։
Նախնական պայմանավորվածություն պահանջող դեպքերում անհրաժեշտ է այցելությունից առաջ info@armstandard.am պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկել գրություն կամ հայտ՝
ներկայացնել լուսանկարահանման, վիդեոնկարահաման նպատակը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
կցել վճարման անդորրագիրը («ԿՈՆՎԵՐՍ բանկ» ՓԲԸ, Հ/Հ 1930002706140200, խնդրում ենք վճարումը կատարելիս ուշադրություն դարձնել, որ անպայման նշվեն վճարողի անուն, ազգանունը, այցելության նպատակը, իսկ «Ստացող» դաշտում ճիշտ լրացվի ընկերության ամբողջական անվանումը՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ, * անհրաժեշտ է ուղարկել նաև վճարողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե այն տարբերվում է դիմողի տվյալից)։