Նորություններ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի (ՍՉԱՄ) գիտական խորհուրդը 2021թ. ապրիլի 13-ի նիստում «Արագածի գիտական կենտրոն»-ում գտնվող ԳԷՊԻ-0.25, ԳԷՊԻ-0.5, ԳԷՊԻ-1 և ԳԷՊԻ-2 էտալոնային ալեհավաքները ճանաչել է, որպես «Ազգային չափանմուշ»-ներ:
«Արագածի գիտական կենտրոն»-ում առկա և վերականգնված ԳԷՊԻ տեսակի 4 ալեհավաքները նախկինում ռադիոֆիզիկական չափումների ոլորտում եղել են որպես ԽՍՀՄ առաջնային չափանմուշներ՝ էտալոններ (առկա են ալեհավաքների վերաբերյալ ԽՍՀՄ գործող 4 ստանդարտները):
Պահպանվող ԳԷՊԻ չափային շարքի էտալոնների բացվածքի չափերն են – 0,25 մ, 0,5 մ, 1 մ և 2 մ: Չափանմուշների այս շարքը կարող է ապահովել բարձր ճշտությամբ և հաճախականությունների լայն տիրույթում չափումների միասնականություն 0,1 մ մինչև 3մ բացվածք ունեցող անտենային համակարգերի համար:
Չորս էտալոնները 0.25-ից մինչև 2մ չափեր ունեցող բարձրագույն ճշգրտությամբ պատրաստված ալեհավաքներ են, որոնք կարող են աշխատել 2.5-ից մինչև 40 ԳՀՑ հաճախականային տիրույթում և կարող են ապահովել ռադիոլոկացիայում, ռադիոնավիգացիայում, ռադիոկապում և այլ բնագավառներում օգտագործվող բոլոր տեսակի և նպատակի ալեհավաքների չափումների միասնականությունը:
Անտենաների էտալոնները (չափանմուշները) ստեղծվել են 1972-1990թթ. Ռադիոֆիզիկական Չափումների Համամիութենական ԳՀԻ-ում, ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ: Այդ էտալոնները հանդիսանում էին աշխարհում առաջին ԽՍՀՄ պետական, հետագայում ԱՊՀ երկրների միջպետական էտալոններ անտենային բնութագրերի չափման ասպարեզում:Ներկայումս հանդիսանում են ՀՀ ազգային չափանմուշներ:
ՆԿԱՐ 1՝ Ռուպորային 0,25 x 0,25 մ բացվածքով ԳԷՊԻ-0,25 և հայելային պարաբոյիկ 0,5 մ և 1 մ տրամագիծ ունեցող բացվածքով ԳԷՊԻ-0, 5 և ԳԷՊԻ-1 անտենային չափանմուշների պահպանման դահլիճը:
ՆԿԱՐ 2՝ Հայելային պարաբոյիկ, 2 մ տրամագիծ ունեցող բացվածքով ԳԷՊԻ-2 անտենային չափանմուշի պահպանման դահլիճը և աշտարակը: