Նորություններ
2020 թվականի նոյեմբերի 11-ին վիդեոկոնֆերանսի ֆորմատով կայացավ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 60-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ազգային մարմինների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Ստանդարտների բյուրոյի ներկայացուցիչները:
Հեռավար նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը, Ստանդարտացման բաժնի պետ Թերեզա Բաբայանը, նույն բաժնի մասնագետ Արուսյակ Պողոսյանը:
Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության առաջարկությունը՝ ԳՕՍՏ 32945-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ: Ճանապարհային նշաններ: Տեխնիկական պահանջներ» միջպետական ստանդարտում հայերեն այբուբենի ներառման վերաբերյալ ուղղում կատարելու մասին, միաձայն ընդունվեց նիստին մասնակից երկրների ներկայացուցիչների կողմից։
Որոշվեց ՄՊԽ Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի հաջորդ՝ 61-րդ նիստն անցկացնել 2021 թվականի ապրիլին ՌԴ Կազան քաղաքում։