Նորություններ
2020 թվականի հուլիսի 7-ի Անդրանիկ Քեշիշյանի գրությանն ի պատասխան՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ը ո՛չ իր նամակում, ո՛չ բանավոր խոսքում չի նշել ո՛չ ՀՀ վարչապետի, ո՛չ որևէ այլ վերադաս պաշտոնյայի անուն, ազգանուն։ Ընկերությունը նամակում հստակ ընդգծել է. «Համերգը և նկարահանման աշխատանքները կարող են անցկացվել Արագածի գիտական կենտրոնի ողջ տարածքում` բացառությամբ ռադիո-օպտիկական աստղադիտակի թասի ներսում, քանի որ ամեն մուտք ու ելքից հետո համապատասխան մասնագետներն պետք է իրականացնեն թասի կարգաբերման աշխատանքներ (юстировка), ինչն իրենից ենթադրում է հավելյալ ծախսեր: Ուստի` նման ծախսերից զերծ մնալու նպատակով արգելվում են համերգի և նկարահանման աշխատանքների անցկացումը թասի ներսում»։
Հավելենք, որ չափագիտությունը ճշգրիտ գիտություն է չափումների և դրանց կիրառման մասին իր երեք ուղղությամբ՝ գիտական, արդյունաբերական և օրենսդրական։ ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը նախատեսված է եղել միլիմետրանոց և սանտիմետրանոց ալիքների տիրույթում տիեզերքի ուսումնասիրություններ կատարելու համար։ Թասի ներսի մակերեսը կազմող 4000-ից ավել էլեմենտները պետք է կարգավորվեն մեկը մյուսի նկատմամբ 50 միկրոն ճշտությամբ, որոնք ցանկացած աննշան հպման դեպքում կարող են խախտվել։ Իսկ կարգաբերման (юстировка) աշխատանքները ժամանակատար և ծախսատար են։ ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակի պահպանությունը պահանջում է պարամետրերի հստակության ապահովում և վնասումներից ապահովագրման պարտավորություն, ինչն ըստ «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի տրված է Չափագիտության ազգային մարմնին։
Փաստենք, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը 2020 թվականին տարբեր կազմակերպությունների և անձանց կողմից բազմաթիվ նամակներ է ստացել՝ Արագածի գիտական կենտրոնի տարածքում և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակի թասի ներսում նկարահանումներ, լուսանկարչական աշխատանքներ իրականացնելու խնդրանքով (պայմանավորված հատկապես COVID-19 համավարակի շրջանակներում հեռավար մշակութային և ստեղծագործական կյանքի զարգացմամբ)։ Բոլոր նամակներին տրվել է նույնաբովանդակ պատասխան. «...հայտնում եմ, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը թույլատրում է մուտքն Արագածի գիտական կենտրոնի տարածք` այցելուների ցուցակի և նրանց անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում: Միաժամանակ հորդորում և զգուշացնում, որ նկարահանումները կարող են իրականացվել Արագածի գիտական կենտրոնի ողջ տարածքում` բացառությամբ ռադիո-օպտիկական աստղադիտակի հարավային թունելի և թասի ներսի հատվածի»։
Ինչ վերաբերում է Անկախության հռչակման 29-րդ ամյակին նվիրված համերգի նկարահանումներին և աստղադիտակի թասի ներսի հատված մուտք գործելուն՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը փաստում է, որ COVID-19 համավարակի պայմաններում Արագածի գիտական կենտրոնի ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակի թասի ներսում նկարահանումներն իրականացվել են ՀՀ կառավարության կողմից կազմակերպվող համապետական լայնամասշտաբ միջոցառման շրջանակում։
Արագածի գիտական կենտրոնի ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակի թասի ներսում նկարահանումների իրականացմանը նախորդող ժամանակահատվածում կազմակերպվել են լրացուցիչ պաշտպանողական գործողություններ՝ նպատակ հետապնդելով ապահովել մասնակիցների, ինչպես նաև սարքի անվտանգությանն ուղղված միջոցառումներ, որոնք չպետք է հանգեցնեն թասի պարամետրերի խախտմանը (ռադիոդիտակի և հայելու մակերեսը չվնասելու համար «Բամբիռ» խմբի նկարահանումների ընթացքում օգտագործվել են ռետինե տակդիրներ, և պահպանվել են անհրաժեշտ բոլոր կանոնները)։
Հարգանքով՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերություն