Նորություններ
2020 թվականի հուլիսի 27-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով կայացավ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (հետայսու` Խորհուրդ) 57-րդ նիստը: Նիստին մասնակցեցին 12 երկրների` Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի Հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության ազգային մարմինների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Խորհրդի ստանդարտների բյուրոյի ներկայացուցիչները:
Հեռավար հանդիպմանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը, գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը և Ստանդարտացման բաժնի պետ Թերեզա Բաբայանը:
Նիստի բացմանը Խորհրդի նախագահը հանդես եկավ զեկույցով` ներկայացնելով Խորհրդի 55-րդ և 57-րդ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները: Տրամադրվեց տեղեկատվություն Խորհրդի որոշումների իրականացման առաջընթացի, Ստանդարտացման գիտա-տեխնիկական հանձնաժողովի և Խորհրդի աշխատանքային խմբերի անցկացրած հանդիպումների արդյունքների, Խորհրդի ստանդարտների բյուրոյի կատարած աշխատանքների վերաբերյալ: Քննարկվեց և ընդունվեց նաև Խորհրդի մինչև 2030 թվականի ռազմավարությունը:
Ստանդարտացման և չափագիտության ոլորտի ազգային մարմինների ղեկավարները նիստի ընթացքում քննարկեցին անդամ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտների խնդիրները։ Օրակարգի կարևոր հարցերից էր ԱՊՀ անդամ պետություններում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, համապատասխանության գնահատման, հավատարմագրման և վերահսկողության ոլորտներում ձեռնարկված միջոցառումների քննարկումը, որոնք ուղղված են նվազագույնի հասցնելու COVID-19 համավարակի պատճառած բացասական հետևանքներն ԱՊՀ անդամ պետությունների տնտեսությունների վրա:
Նիստի ընթացքում հատուկ ընդգծվեց նաև ստանդարտացման և չափագիտության ոլորտում հետևողական և համաձայնեցված քաղաքականության իրականացումը, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման գնահատման տարբեր մեթոդների բարելավումը: Այս հարցերի լուծման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ապրանքների որակը և մրցունակությունը` դրանով իսկ ապահովելով գիտական ամրապնդումը տեխնիկական և առևտրատնտեսական հարաբերություններում:
Հաշվի առնելով նիստի անցկացման հեռավար ձևաչափը` անդամ պետությունների ազգային մարմինների ղեկավարները լիազորեցին Խորհրդի նախագահ Արման Շակալիևին և Խորհրդի պատասխանատու քարտուղար Վլադիմիր Չերնյակին ստորագրելու Խորհրդի 57-րդ նիստի արձանագրությունը: