Նորություններ
2020 թվականի հունիսի 15-ին վիդեոկոնֆերանսի ֆորմատով կայացավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների Ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի 5-րդ նիստը` Բելառուսի Հանրապետության Պետստանդարտի ղեկավար Վալենտին Տատարիցկու նախագահությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն, Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության Ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարները:
Հեռավար հանդիպմանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին, տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը, գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը և Ստանդարտացման բաժնի պետ Թերեզա Բաբայանը:
Բելառուսի Հանրապետության Պետստանդարտի ղեկավար Վալենտին Տատարիցկին բացման խոսքում հատուկ ընդգծեց, որ իրենց նպատակն է ակտիվ և արդյունավետ գործողությունների շնորհիվ իրականացնել բեղմնավոր աշխատանք:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների Ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի 5-րդ նիստի ծրագիրը ներառում էր 9 հարց` ԵԱՏՄ տարածքում ստանդարտացման զարգացման վերաբերյալ:
Կողմերը քննարկման արդյունքների հիման վրա հայեցակարգով հաստատեցին ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտացման աշխատանքները համակարգելու ընթացակարգի նախագիծը: Այս փաստաթուղթը սահմանում է անդամ պետությունների ազգային մարմինների միջև աշխատանքի համակարգման կանոնները՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ ստանդարտների և փորձարկման ընթացակարգերի մշակման, ընդունման, փոփոխման, վերանայման և կիրառման վերաբերյալ: Որոշ պարզաբանումներից հետո այն կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում: Փաստաթղթի կիրառումը կբարձրացնի ստանդարտացման աշխատանքների արդյունավետությունը, ինչը խիստ կարևոր է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի իրականացման միասնական մոտեցման ապահովման համար:
Խորհրդի անդամները քննարկեցին նաև միջպետական ստանդարտների (ԳՕՍՏ) մշակմանը և կիրառմանը, ինչպես նաև դրանց արդիականացմանն ուղղված հարցերի մի ամբողջ շարք: Միևնույն ժամանակ, ուշադրության կենտրոնում էր ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների պարտադիր միացման անհրաժեշտությունն ընդունված ԳՕՍՏ-երին: Եվ յուրաքանչյուր երկիր իր տարածքում փաստաթղթի չեղյալ հայտարարման (փոխարինման) մտադրության վերաբերյալ պետք է ընդունված կարգով նախապես ծանուցի ԵԱՏՀ-ին: Ընդգծվեց նաև, որ այս ուղղությամբ պետք է առավել սերտ փոխգործակցություն լինի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների միջև:
ԵԱՏՄ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինները կպարտավորվեն համատեղ ջանքերով միջազգային (տարածաշրջանային) ստանդարտները ռուսերեն թարգմանելու և համապատասխան հիմք ձևավորելու` նպատակ ունենալով ապահովել արդյունաբերության և գործարարների պահանջները:
Նիստի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը կմիանա դեռևս 2013 թվականին Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելառուսի Հանրապետությունների ազգային մարմինների միջև ստորագրված Համաձայնագրին` «Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքում տեխնիկական կանոնակարգման ոլորտում ինֆորմացիոն ապահովման համատեղ գործունեության» վերաբերյալ: Համաձայնագրի շրջանակներում ստեղծված է համընդհանուր ինֆորմացիոն որոնողական համակարգ, և ՀՀ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը Համաձայնագրի ստորագրումից հետո հասանելիություն կունենա այդ համակարգին:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների Ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2020 թվականի աշնանը: