Նորություններ
Արդյունաբերության, գիտության և առևտրի զարգացումն ամբողջ աշխարհում հիմք դրեց չափումների միասնական համակարգի ստեղծման համար: Անհրաժեշտ էր ստեղծել միավորների միաջազգային (կամ միասնական) համակարգ՝ տարբեր արդյունաբերություններում և, հետևաբար, աշխարհում համեմատելի չափումներ և միավորների միջև անցումներ ապահովելու համար:
Օրն ընտրվել է ի նշանավորումն 1875թ. մայիսի 20-ին Փարիզում ստորագրված «Մետրական կոնվենցիայի» (Metre Convention), որը դարձել է առաջին միջազգային համաձայնագիրը չափագիտության բնագավառում (այն ժամանակ 17 պետությունների մասնակցությամբ)` հիմք դնելով մեկ միասնական միջազգային չափագիտական տարածքի համար:
«Մետրական կոնվենցիայի» համաձայն՝ սահմանվել է չափերի մետրական համակարգը, իսկ այնուհետև Միավորների միջազգային համակարգը, որի հիման վրա ստեղծվել և գործում է Չափումների միջազգային համակարգը: Կոնվենցիայի սկզբնական նպատակն է ամբողջ աշխարհում չափումների միասնականության ապահովումը, ինչը տարեցտարի ավելի ու ավելի հրատապ է դառնում:
«Մետրական կոնվենցիայի» հիման վրա հետագայում ստեղծվեց Չափի և կշռի միջազգային բյուրոն` չափագիտության բնագավառում հետազոտական առաջին միջազգային լաբորատորիան, սահմանվեցին չափողական գիտությունների համաշխարհային համագործակցության ու փոխգործակցության շրջանակները և որպես արդյունք՝ այդ գիտությունների ձեռքբերումներն արդյունաբերությունում, առևտրային գործունեությունում և հասարակական կյանքում կիրառելը:
Չափի և կշռի միջազգային բյուրոյի 88-րդ նիստում դոկտոր Իզուկան (Ճապոնիա) և պրոֆեսոր Լև Իսաևը (Ռուսաստան) առաջարկել են մայիսի 20-ը նշել որպես Չափագիտության միջազգային օր: Չափի և կշռի գլխավոր խորհրդաժողովը պաշտպանել է այդ որոշումը:
Հայաստանում առաջին հիմնարկը, որը զբաղվել է չափերի և չափիչ սարքերի պետական հսկողությամբ, եղել է 1921թ. հուլիսի 21-ին Ժողտնտխորհրդի դեկրետի համաձայն ստեղծված «Չափի և կշռի» բաժանմունքը:
Այսօր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ՀՀ ողջ տարածքում ապահովում է չափումների միասնականությունը:
Նախորդ տարին չափագիտության համար ձեռքբերումների տարի էր, մաղթում ենք հաջողությունների շարունակականություն և չափագիտական նոր կարողությունների հիմնում:
Շնորհավո´ր տոնդ, սիրելի չափագետ: