Նորություններ
Ղազախստանի Հանրապետության Շիմկենթ քաղաքում 2019 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 56-րդ նիստը: Նիստին մասնակցեցին 8 երկրների պատվիրակության ներկայացուցիչներ` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետություններից, Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից։ Ներկա էին նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ստանդարտների բյուրոյի ներկայացուցիչները:
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 56-րդ նիստին մասնակցեց նաև ՀՀ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենի գլխավոր խորհրդական Կամո Մովսիսյանը:
Հանդիպման շրջանակներում ընդգրկված էին ավելի քան 30 հարց: Չափագիտության ոլորտի ազգային ղեկավարները հանդիպման ընթացքում քննարկեցին մասնակից պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտների խնդիրները։ Օրակարգի կարևոր հարցերից էին ոլորտում հետևողական և համաձայնեցված քաղաքականություն վարելը, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման գնահատման տարբեր մեթոդների բարելավումը: Այս հարցերի լուծման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ապրանքների որակը և մրցունակությունը` դրանով իսկ ապահովելով գիտական ամրապնդումը տեխնիկական և առևտրատնտեսական հարաբերություններում:
Վերանայվեցին Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի գործունեության բարելավմանն ուղղված մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես` ընդունվել է միջպետական աշխատանքային ծրագրի №2 փոփոխության ստանդարտացումը 2019-2021թթ., ընդունվել է միջպետական ստանդարտացման վերաբերյալ 339 փաստաթուղթ, ստեղծվել են ստանդարտացման հարցերով զբաղվող միջպետական տեխնիկական 4 հանձնաժողով։ Առաջնային խնդիրներից է մասնակից պետություններում իրականացված չափիչ սարքերի ճշգրիտ ստուգաչափումը, մասնակից պետությունների փոխադարձ առևտրի վերաբերյալ տեխնիկական խոչընդոտների լուծումը։ Նախագիծը համակարգելու նպատակով 2020 թվականին տեղի կունենան բարձր մակարդակի փորձագիտական խմբի հանդիպումներ ԱՊՀ գործադիր կոմիտեում (Մինսկ)։ Կստեղծվի նաև Տարածաշրջանային կազմակերպություն (ասոցիացիա), որը կզբաղվի հավատարմագրման հարցերով:
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 56-րդ նիստի շրջանակներում տրվեցին նաև մրցանակներ ապրանքատեսակների որակի գերազանցության և ծառայությունների համար: Վերանայվեցին եզրափակիչ փուլի նյութերը և վերջնական եզրակացություններ արվեցին` հիմնվելով ազգային ստանդարտների, չափագիտության և ԱՊՀ անդամ պետությունների հավաստագրման և փորձագիտական հանձնաժողովների եզրակացությունների նյութերի վրա: Բարձր գնահատելով այս բնագավառում իրականացված փորձաքննության արդյունքները և եզրափակիչ փուլի մասնակիցների ծավալուն աշխատանքը որակի ոլորտում` պատրաստվեց մրցույթի դափնեկիրների և դիպլոմակիրների կազմի վերաբերյալ որոշման նախագիծ, որը հատուկ սահմանված կարգով ներկայացվելու է ԱՊՀ տնտեսական խորհրդին:
Հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի վերանայման և քննարկման արդյունքում մասնակիցներն ընդունեցին համաձայնեցված որոշումներ, որոնց հիման վրա էլ ստորագրվեց Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 56-րդ հանդիպման արձանագրությունը: