ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինն ընդլայնում է միջազգային չափագիտական կառույցներում Հայաստանի Հանրապետության ներկայացվածությունը

01/07/2022 Նորություններ

Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Խորը և համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից իրականացվում է «Օժանդակություն Հայաստանի որակի ենթակառուցվածքին» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակներից է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կարողությունները` մատուցելու կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ։ Այս նպատակին հասնելու համար կարևոր է Հայաստանի՝ ի դեմս Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի, ներկայացվածության ընդլայնումը տարածաշրջանային և միջազգային չափագիտական կառույցներում։ Ներկայումս Հայաստանը անդամակցում է Չափագիտության ազգային ինստիտուտների Եվրասիական համագործակցությանը (COOMET), սակայն դեռևս չի անդամակցում Չափերի և կշիռների միջազգային բյուրոյին (BIPM) և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (OIML)։

Նշված խնդրի լուծման և չափագիտական միջազգային համայնքում Հայաստանի հեղինակության բարձրացման նպատակով սույն թվականի հունիսի 30-ին տեղի ունեցավ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանն անդամակցելու համար անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ աշխատաժողով։ Հեռավար եղանակով անցկացվող աշխատաժողովին, որը մոդերացվում էր ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Սոնգ Վուի (Cong Wu) կողմից,  մասնակցում էին Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի աշխատակիցները՝ տնօրեն Ալբերտ Բաբայանի գլխավորությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյա-փորձագետներ Իան Դանմիլը (Ian Dunmill), Փոլ Դիքսոնը (Paul Dixon) և Փիթեր Մեյսոնը (Peter  Mason)։

Աշխատաժողովի ընթացքում փորձագետներն ընդգծեցին չափագիտության կարևորությունը տնտեսության և մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում, ներկայացրեցին Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կառուցվածքը, համակարգը, անդամակցության կարգը և տարբերակները, դրանց առանձնահատկությունները, անդրադարձան Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սերտիֆիկացման համակարգին, ինչպես նաև ներկայացվեց կազմակերպությանը անդամակցելու ուղեցույց հանդիսացող որոշումը՝ OIML D 1 «Ազգային չափագիտական համակարգեր։ Ինստիտուցիոնալ և օրեսդրական շրջանակների զարգացում»։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը կատարեց առաջին քայլը չափագիտության ոլորտում՝ աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկին անդամակցության ճանապարհին։