ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ Չափերի և կշիռների միջազգային բյուրոյին Հայաստանի անդամակցելու համար անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ աշխատաժողով

18/08/2022 Նորություններ

Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ Չափերի և կշիռների միջազգային բյուրոյին (BIPM) Հայաստանի՝ ի դեմս Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի, անդամակցելու համար անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ աշխատաժողով։

Հեռավար եղանակով անցկացվող աշխատաժողովին, որը մոդերացվում էր ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Սոնգ Վուի (Cong Wu) կողմից, մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը և վարչության աշխատակիցները, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը և ազգային ծրագրերի համակարգող Մանե Թափալցյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը, Չափերի և կշիռների միջազգային բյուրոյի (BIPM) բարձրաստիճան պաշտոնյա-փորձագետներ, ինչպես նաև Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի աշխատակիցները՝ տնօրեն Ալբերտ Բաբայանի գլխավորությամբ։

Աշխատաժողովի ընթացքում փորձագետները ներկայացրեցին  որակի ենթակառուցվածքների կարևորությունը  տնտեսության և մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում՝ ընդգծելով չափագիտության առանձնահատուկ դերը։ Ներկայացրեցին Չափերի և կշիռների միջազգային բյուրոյի պատմությունը, կառուցվածքը, համակարգը, ինչպես նաև անդամակցության կարգը և տարբերակները։ Փորձագետների կողմից ներկայացվեցին նաև Չափերի  և կշիռների միջազգային կոմիտեի փոխադարձ ճանաչման համաձայնագրին (CIPM MRA) Հայաստանի մասնակցելու հեռանկարները, ինչի արդյունքում կբարձրանա հայաստանյան կազմակերպություններում իրականացված չափումների ճշգրտության նկատմամբ  միջազգային ճանաչելիությունը, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանում արտադրվող ապրանքների որակի նկատմամբ վստահության բարձրացմանը։

Հիշեցնենք նաև, որ աշխատաժողովը տեղի ունեցավ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Խորը և համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի որակի ենթակառուցվածքին» ծրագրի շրջանակներում։