Նորություններ
2022 թվականի հոկտեմբերի 21-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի և Ղազախստանի Հանրապետության Առևտրի և ինտեգրման նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության կոմիտեի՝ ի դեմս կոմիտեի նախագահ Ելիկբաև Կուանիշի համատեղ հանդիպումը, որի ընթացքում կողմերն ընդգծեցին համագործակցության կարևորությունը և տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկու երկրների կառույցների առկա ծրագրերի, հետագա զարգացման միտումների շուրջ։
Հանդիպման ընթացքում ցանկություն հայտնելով զարգացնել և ամրապնդել համագործակցությունը ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման ոլորտում՝ ՀՀ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և ՂՀ Առևտրի և ինտեգրման նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության կոմիտեի միջև ստորագրվեց ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման ոլորտում համագործակցության փոխըմբռնման մասին հուշագիր:
Հուշագրի նպատակն է՝ ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման համակարգերում փոխըմբռնման բարելավումը, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, երկկողմ առևտրի հոսքի ընդլայնումը, փոխադարձ տնտեսական և առևտրային շահերի պահպանումը և հայկական և ղազախական սպառողների անվտանգության ու առողջության պաշտպանությունը։
Համագործակցության հիմք են հանդիսանում տեղեկատվության և փորձի փոխանակումը, երկկողմ համաձայնեցված առաջարկությունները, միջազգային ստանդարտների ներդնումը, ուսումնական նյութերի և ուսուցման ծրագրերի փոխանակումը, անձնակազմի պատրաստման և վերապատրաստման հնարավորության տրամադրումը, փորձագետների հանդիպումների, սեմինարների և կոնֆերանսների անցկացումը։