Նորություններ
2022 թվականի նոյեմբերի 11-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերություն էր այցելել «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի ղեկավար Ցոնգ Վուն։
Այցելության ընթացքում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը և «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի ղեկավար Ցոնգ Վուն քննարկեցին ծրագրի շրջանակներում առաջադրված նպատակների իրականացման ուղիները և հետագա զարգացման միտումները։
«Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագիրը մշակվել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի բյուջեն 4 միլիոն եվրո է։
Ծրագրի նպատակն է՝ շարունակաբար ամրապնդել Հայաստանի որակի ազգային ենթակառուցվածքի գործուն համակարգը, մասնավորապես՝ չափագիտության համակարգը` ի նպաստ առևտրի ոլորտում մրցակցայնության ու կայուն արդյունաբերական զարգացմանը։
Ծրագիրը նախատեսում է ամրապնդել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության հարաբերությունները միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում, հզորացնել կառույցի իրավական ու վարչարարական կարողությունները, ճանաչելիությունն ու բրենդային ինքնությունը, ինչպես նաև աջակցել ընկերությանը, որպեսզի վերջինս Հայաստանի տարածքում շահառուներին տրամադրի կայուն և միջազգային չափանիշներին համապատասխան չափագիտական ծառայություններ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել նաև տրամաչափարկման լաբորատորիաների միջազգային ճանաչումը։
Այցելության ընթացքում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանի, գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանի, որակի կառավարիչ Ավետիս Գևորգյանի, Ջերմային, ֆիզիկա-քիմիական չափումների և ստանդարտ նմուշների լաբորատորիայի վարիչ Գարիկ Մարտիրոսյանի, Զանգվածի և անկյունագծային չափումների լաբորատորիայի վարիչ Արամայիս Հարությունյանի, Փորձարկումների լաբորատորիայի վարիչ Անատոլի Տոկարևի ուղեկցությամբ Ցոնգ Վուն շրջեց համապատասխան լաբորատորիաներով։