ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

«Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքներին» ծրագրի շրջանակներում անցկացվեց սեմինար-քննարկում

27/03/2023 Նորություններ

Սույն թվականի մարտի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ  Միավորված ազգերի կազմակերպության Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված սեմինար-քննարկում: Սեմինարն անցկացվում էր Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքներին» ծրագրի շրջանակներում և նվիրված էր Հայաստանում չափումների միասնականության մասին օրենսդրության բարեփոխումների համար լավագույն փորձի խթանմանը։ Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունից, ԵՄ հայաստանյան պատվիրակությունից, ինչպես նաև որակի ենթակառուցվացքը ներկայացնող պետական և մասնավոր հիսունից ավել այլ կազմակերպությունների ղեկավար-աշխատակիցներ։

Ծրագրի նպատակներից է՝ Հայաստանի որակի ազգային ենթակառուցվածքի համակարգի, մասնավորապես՝ չափագիտության համակարգի շարունակաբար ամրապնդումը` ի նպաստ առևտրի ոլորտում մրցակցայնության ու արդյունաբերության կայուն զարգացմանը։

Ծրագիրը նախատեսում է նաև ամրապնդել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության հարաբերությունները միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում, հզորացնել կառույցի իրավական ու վարչարարական կարողությունները, ճանաչելիությունն ու բրենդային ինքնությունը, ինչպես նաև աջակցել ընկերությանը, որպեսզի վերջինս Հայաստանի տարածքում շահառուներին տրամադրի կայուն և միջազգային չափանիշներին համապատասխան չափագիտական ծառայություններ: Այս համատեքստում, ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կազմում հիմնել չորս նոր ուղղություններով տրամաչափարկման լաբորատորիաներ և ապահովել վերջիններիս միջազգային ճանաչումը։ Ուստի՝ մարտի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում սեմինարին նախորդել և հաջորդել էին մի շարք հանդիպում-քննարկումներ ծրագրի տարբեր շահակիցների հետ, կազմակերպվել այցելություններ՝ հայաստանյան համապատասխանության գնահատման մարմիններ, փորձարկման լաբորատորիաներ և արդյունաբերական ընկերություններ՝ իրականացնելու չափագիտական կարողությունների զարգացման կարիքների հնարավորինս հստակ գնահատում։