ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Աստանայում կայացան ԿՕՕՄԵՏ-ի կոմիտեի 34-րդ նիստը և «Չափումները որպես համընդհանուր վստահության հիմք» խորագրով միջազգային գիտական համաժողովը

30/05/2023 Նորություններ

Սույն թվականի մայիսի 23-24-ը ք. Աստանայում (Ղազախստան) կայացավ ԿՕՕՄԵՏ-ի կոմիտեի 34-րդ նիստը, իսկ մայիսի 25-ին «Չափումները որպես համընդհանուր վստահության հիմք» խորագրով միջազգային գիտական համաժողով՝ նվիրված Ղազախստանում չափագիտության 100-ամյակին։ Վերոնշյալ աշխատանքներին մասնակցել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը, գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը և  Ռադիոէլեկտրական չափումների լաբորատորիայի վարիչ Արմենուհի Խաչատրյանը։

Նիստի ընթացքում քննարկված արդիական թեմաներն էին՝ չափումների միասնականության ապահովման ոլորտում ծառայությունների թվայնացումը, չափագիտության ոլորտում հեռանկարային հետազոտությունների անցկացումը, 2022-2023թթ. ընթացքում ԿՕՕՄԵՏ-ի գործունեությունն էտալոնների ոլորտում՝ ընդգրկելով նաև Կշիռների և չափերի միջազգային կոմիտեի փոխադարձ ճանաչման համաձայնագրի (CIPM/ԿՉՄԿ MRA) իրականացման հարցերը, մասնավորապես՝ զարգացող չափագիտությամբ (CEEMS) երկրների միջլաբորատոր համեմատությունների մասնակցությունը և հետագա առավել ակտիվ զարգացման հնարավորությունները, քննարկվեցին 2023թ. հունիս ամսին կայացող լավագույն երիտասարդ չափագետ մրցույթի անցկացման մանրամասները, արդիականությունը և կարևորությունը չափագիտության զարգացման համար։

Ամփոփ ներկայացվեց տեխնիկական կոմիտեների կողմից կատարված և նախատեսվող աշխատանքների մասին հաշվետվություն, ինչպես նաև մասնակից երկրների՝ 2022-2023 թվականների ընթացքում ունեցած ձեռքբերումները, զարգացման ծրագրերը և իրականացված աշխատանքները։ ՀՀ չափագիտության մարմնի կողմից հանգամանալից ներկայացվեց կատարված աշխատանքները, մասնավորապես, երկու նոր տրամաչափարկման լաբորատորիաների հիմնումը, հավատարմագրումը և միջազգային հավատարմագրման դիմելուն ուղղված քայլերի իրականացումը, ապագայում չորս նոր տրամաչափարկման լաբորատորիաների հիմնումը, ԿՕՕՄԵՏ-ի շրջանակներում որակի համակարգի գնահատման և միջլաբորատոր համեմատությունների անցկացման կարևորությունը և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը։ Տեսանյութի և զեկույցի միջոցով ներկայացվեց Արագածի գիտական կենտրոնի վերաբերյալ պատմական ակնարկ՝ կարևորվեց կենտրոնի գիտական ներուժը լիարժեք և նպատակային օգտագործելու հնարավորությունը, ոչ միայն Հանրապետության, այլ նաև միջազգային համագործակցության շրջանակներում։

Զեկույցներով հանդես եկան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները (APMP, AFRIMETS, GULFMET, МГС, BIPM, OIML):

ԿՕՕՄԵՏ-ի կոմիտեի 34-րդ նիստի ժամանակ տեղի ունեցավ ԿՕՕՄԵՏ-ի վաստակավոր չափագետ կոչման շնորհման արարողությունը։ Պատվավոր կոչմանն արժանացավ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի Ջերմային, ֆիզիկա-քիմիական չափումների և ստանդարտ նմուշների լաբորատորիայի վարիչ Գարիկ Մարտիրոսյանը։

ԿՕՕՄԵՏ-ի կոմիտեի 34-րդ նիստի ընթացքում կայացավ կոմիտեի նոր նախագահի ընտրություն՝ ընտրվեց Ղազախստանի հանրապետության Ստանդարտացման և չափագիտության ինստիտուտի տնօրեն Մուխամբետով Գաբիթ Մուխամբետովիչը, ով ղեկավարելու է կոմիտեն հաջորդ երեք տարիների ընթացքում։

Երկկողմանի հանդիպումներ տեղի ունեցան ՌԴ պատվիրակության, Ղազախստանի պատվիրակության, Ուզբեկստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ, ձեռք բերվեցին եղած կապերը խորացնելու և նոր համագործակցություններ հաստատելու մասին պայմանավորվածություններ։

Ուզբեկստանի Հանրապետության ներկայացուցիչների հետ համատեղ որոշում կայացվեց տեսազանգի միջոցով քննարկումները շարունակելու վերաբերյալ, ինչը միտված կլինի երկկողմանի համագործակցության հուշագրի մանրամասների քննարկմանը և հուշագրի ստորոգրմանը։