Նորություններ
Հունիսի 9-ին աշխարհում նշվում է Հավատարմագրման համաշխարհային օրը և յուրաքանչյուր տարի ընտրվում է նոր կարգախոս։ Նպատակ ունենալով ամեն տարի բարձրացնել հավատարմագրման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը՝ այս տարվա կարգախոսն է՝ «Աջակցություն գլոբալ առևտրի ապագային՝ շեշտադրելով Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակներին հավատարմագրման աջակցությունը»։
Այս տարի լրանում է նաև ՀՀ-ում հավատարմագրման համակարգի ներդրման 30 տարին։ Համատեղելով նշյալ առիթները՝ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը սույն թվականի հունիսի 9-ին Երևանի «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության, հավատարմագրման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը ներկայացրել է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունն ու հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունները, միջազգային համագործակցությունը, հավաստագրման գործընթացի փուլերն ու ժամկետները, ՀՀ-ում հավաստագրված համապատասխանության գնահատման մարմինները, ինչպես նաև ոլորտում գործող օրենսդրությունը։
Միջոցառման ավարտին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության անձնակազմին հանձնվեց շնորհակալագիր՝ երկար տարիների համագործակցության համար։