Նորություններ
2023 թվականի հունիսի 19-22-ը Բելգրադում (Սերբիայի Հանրապետություն) կայացավ ՍԵՆ/ՍԵՆԵԼԵԿ – եվրոպական ստանդարտացման և եվրոպական էլեկտրատեխնիկական հանձնաժողովների ամենամյա վեհաժողովը, որի աշխատանքներին մասնակցել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը և տնօրենի տեղակալ Հայկ Զեյնալյանը։ Վեհաժողովի ընթացքում հիմնական քննարկված թեմաներն էին՝ կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարը, էկոհամակարգի ստեղծմանն ուղղված գործիքները, ռազմավարական ինքնավարության հասնելու նպատակով տնտեսության կայունության ապահովմանն ուղղված քայլերը և դրանցում ստանդարտների դերը։
2023թ. Եվրոպական Միությունը նշում է Միասնական շուկայի (Single Market) 30-ամյակը, որի կայացման գործում ստանդարտները վստահելի լուծումներ են՝ ապահովելու երկրների միջև անվտանգ, անխոչընդոտ առևտրի իրականացումը, ինչպես նաև Եվրամիության համար առաջնային համարվող մարտահրավերների լուծման գործում կարևորվում է ժամանակի պահանջների հարցադրմանը համահունչ ստանդարտների կիրառումն ու մշակումը:
Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում Սինգապուրի, Ղազախստանի և Վրաստանի ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների հետ, քննարկվել են ստանդարտացման ոլորտում առկա և հնարավոր համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Սինգապուրի ազգային մարմնի ղեկավարը ներկայացրեց ստանդարտացման ոլորտում կատարվող աշխատանքների Սինգապուրի փորձը:
Ընդունվել են ՍԵՆ/ՍԵՆԵԼԵԿ 2022թ. ֆինանսական, տարեկան գործունեության, ծրագրերի իրականացման հաշվետվությունները, կատարվել հանձնաժողովի ղեկավար մարմինների ընտրություն:
Սինգապուրի ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի հետ երկկողմ հանդիպման ընթացքում որոշում կայացվեց համագործակցել Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և ստանդարտացման միջազգային տեխնիկական հանձնաժողովներում, իսկ Վրաստանի և Ղազախստանի ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների հետ՝ համագործակցել ստանդարտացման և չափագիտության ոլորտներում:
Վրաստանի ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ազգային չափանմուշների և ելակետային չափման միջոցների միջլաբորատոր համեմատությունների վերաբերյալ։