Նորություններ
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության օզոնային շերտի պահպանության ծրագրի կողմից կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան։
Ալբերտ Բաբայանն ընդգծել է ստանդարտների կարևոր դերը «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության նպատակների, ինչպես նաև սառնամատակարարման և օդորակման համակարգերի, դրանց սպասարկման գործում։ Կարևորել է ստանդարտացման աշխատանքներում ներգրաված փորձագետների աշխատանքն ու գիտելիքը՝ ի նպաստ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենը ներկայացրել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի և Օզոնային շերտի պահպանության համագործակցության արդյունքում իրականացրած ծավալուն աշխատանքները։ 2018-2023 թթ. ընթացքում պետական ստանդարտացման ծրագրի շրջանակներում մշակվել և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից ընդունվել է ոլորտին առնչվող թվով 6 ազգային ստանդարտ, միջպետական ստանդարտացման աշխատանքների շրջանակներում՝ 6 միջպետական ստանդարտ։
Միջոցառման ընթացքում օզոնային շերտի պահպանության ոլորտում ունեցած զգալի ներդրման համար «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱՇՄԾ Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղարի կողմից շնորհվեց Շնորհակալագիր: