Նորություններ
2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ նշվեց Որակի համաշխարհային օրը՝ ևս մեկ անգամ ընդգծելով որակի ենթակառուցվածքի համակարգի վերջին զարգացումները, հստակեցնելով նախարարության համապատասխան կառույցների դերը ներքին և միջազգային շուկաներում մրցունակության ապահովման գործում։
Միջոցառմանը ներկա էին նաև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը, տնօրենի տեղակալները և մի շարք աշխատակիցներ։
Որակի համաշխարհային օրվա 2023 թվականի թեման է «Մրցակցային ներուժի խթանումը՝ որակը պահպանելով։ Ամեն տարի նոյեմբերին անցկացվող այս միջոցառման շրջանակներում ամբողջ աշխարհում կազմակերպությունները միավորվում են՝ ծանոթացնելու լավագույն փորձերին, նշելու ձեռքբերումները և կարևորելու որակի կառավարման իրազեկումը։ Նպատակ ունենալով խրախուսել ընկերություններին բարելավելու արտադրության գործընթացները, բարձրացնելու ապրանքների և ծառայությունների որակը՝ միջոցառումն օգնում է երկրին ինտեգրվել որակի միջազգային ենթակառուցվածքին։
Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես եկավ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը՝ ներկայացնելով ընկերության ձեռքբերումները, այդ թվում՝ ՀՀ կառավարության օժանդակությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ընկերության վերազինված երկու լաբորատորիայի և նոր ձեռքբերված սարքավորումների աշխատանքը։ Ալբերտ Բաբայանն ընդգծեց, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ արդեն հաստատվել և իրականացվում է Որակի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի շրջանակներում Ընկերությունը չորս նոր միջազգային հավատարմագրված լաբորատորիա կունենա մինչև 2025 թվականի դեկտեմբերը։
Միջոցառման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը Պատվոգրեր և Շնորհակալագրեր շնորհեց մի շարք ընկերությունների և աշխատակիցների, այդ թվում՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը։