Նորություններ
2023 թվականի հոկտեմբեր և նոյեմբերի ամիսներին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության ղեկավարության նախաձեռնությամբ Հայ-ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի մի շարք ուսանողների համար Ընկերության լաբորատորիաներում իրականացվեցին շրջայցեր և լաբորատոր աշխատանք։
Նախաձեռնության նպատակն է ճարտարագիտության և տեխնոլոգիայի ոլորտներում բարելավել կրթության որակը և ուսանողներին հնարավորություն ընձեռել գործնականում կիրառել ստացված գիտելիքները։
2023 թվականի հոկտեմբերի 18-ին իրականացված առաջին լաբորատոր աշխատանքը պատրաստել և իրականացրել են Ընկերության Զանգվածի, հեղուկի, գազի, մեխանիկական և հարակից մեծությունների չափումների բաժնի աշխատակիցներ Ալեքսանդր Լևինը, Նարեկ Դանիելյանը և Տիգրան Օբոսյանը։
Վերոնշյալ լաբորատոր աշխատանքի շրջանակներում ուսանողները ծանոթացան և ձեռք բերեցին տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների և չափիչ գործիքների հետ աշխատելու հմտություններ, շփվեցին լաբորատոր մասնագետների հետ և ստացան հրավեր՝ ամառային ուսումնական պրակտիկան անցկացնելու «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ում:
Իսկ 2023 թվականի նոյեմբերի 15-ին Ջերմային, ֆիզիկա-քիմիական չափումների և ստանդարտ նմուշների լաբորատորիայի վարիչ Գարիկ Մարտիրոսյանի, նույն լաբորատորիայի փորձագետ Վլադիսլավ Բաբաջանյանի, ինչպես նաև Ռադիոէլեկտրական չափումների լաբորատորիայի վարիչ Արմենուհի Խաչատրյանի ուղեկցությամբ Ընկերության լաբորատորիաներում իրականացվեցին շրջայցեր, որոնց արդյունքում ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալու ժամանակակից չափիչ սարքերին, Հայաստանի Հանրապետության ազգային Էտալոններին և բազմաթիվ իրենց հետաքրքրող հարցեր հղել Ընկերության փորձառու և գիտակ մասնագետներին։
Իրականացված միջոցառումների շարքը մեծ ոգևորությամբ ընդունվեց և դրական արձագանք ստացավ ուսանողների կողմից՝ հնարավորություն տալով զարգացնելու չափագիտության և գործիքաշինության ոլորտների իրենց կարողությունները։
Նման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ։