«Ստանդարտացում» գիտական ամսագրի «Ստանդարտացում առանց սահմանների» նոր նախագծի հրապարակումների շարքը բացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանի հարցազրույցով։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել վերջին տարիների «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ ձեռքբերումներին, մասնավորապես․
Աճում է բիզնեսի և այլ շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ազգային ստանդարտների մշակման գործընթացում։ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից մշակված երկու ստանդարտ արդեն իսկ քվեարկության արդյունքում ընդունվել են որպես միջպետական ստանդարտներ։
Վերջին երկու տարվա ընթացքում չափագիտության ոլորտում նշանակալի ձեռքբերումներից է ազգային էտալոնների ճանաչումը։ Ներկայումս աշխատանքներ են տարվում երկու տրամաչափարկման լաբորատորիաների միջազգային հավատարմագրման, ինչպես նաև ևս 4 տրամաչափարկման լաբորատորիաների կազմավորման ուղղությամբ։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության լավագույն ձեռքբերումներից է նաև ներդրած փորձը թվայնացման ոլորտում։ Լայնածավալ աշխատանքներ են տարվել ստանդարտացման և չափման միջոցների միասնական բազայի ստեղծման, ստուգաչափման էլեկտրոնային հայտերի ընդունման և ավարտական վկայականի էլեկտրոնային գեներացման համար, հասանելի է դարձել ստանդարտների էլեկտրոնային վաճառքի իրականցումը և դրանց նույնականացումն ու իսկության ստուգումը QR կոդի միջոցով։
Ընկերությունը կարևորում է աշխատակիցների կրթությունը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը, ինչպես նաև երիտասարդ կադրերի ներգրավումը՝ հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության միջոցով: