Նորություններ
2023թ. մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) Վրաստանի «Ստանդարտների և չափագիտության ազգային գործակալության» (GEOSTM) հետ համատեղ իրականացրել են միջլաբորատոր համեմատություններ զանգվածի չափումների ոլորտում:
Նման համեմատությունների նպատակն է մասնակից երկրների ազգային չափագիտական ինստիտուտների տրամաչափարկման և չափման հնարավորությունների ստուգումը:
Որպես համեմատության չափանմուշ օգտագործվել են չժանգոտվող պողպատից պատրաստված կշռաքարեր՝ անվանական զանգվածով 100 մգ, 5 գ, 100 գ և 1 կգ:
Ընկերության մասնագետների կողմից կատարվել են համեմատության էտալոնների բազմակի չափումներ, որոնց համար օգտագործվել են E2 դասի զանգվածի չափանմուշներ' համեմատության էտալոններին համապատասխանող անվանական արժեքների կշռաքարեր, ինչպես նաև MYA 21.4 Y մանրակշեռքներ, XA 210.4Y PLUS անալիտիկ կշեռքներ և WAY 5.4 Y. KO զանգվածի համեմատիչ:
Չափումների արդյունքների մշակումից հետո կազմվել է համեմատության հաշվետվություն, որն ուղարկվել է GEOSTM:
Այնտեղ կատարվել է յուրաքանչյուր կշռաքարի զանգվածի (իրական արժեքի) արժեքի ընդլայնված անորոշության համեմատություն: Որպես հենարանային արժեք օգտագործվել է GEOSTM-ի չափումների արդյունքներից ստացված զանգվածի արժեքը:
2023 թվականի նոյեմբերի 27-ին Վրաստանի «Ստանդարտների և չափագիտության ազգային գործակալության» (GEOSTM) կողմից ստացվել է համեմատությունների դրական ավարտի մասին պատասխան։