Նորություններ
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը Էներգախնայողության աջակցման հիմնադրամի հետ համատեղ Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) աջակցությամբ իրականացնում են «Որակի ենթակառուցվածք՝ արևային ֆոտոէլեկտրական ոլորտի համար» (QI4PV) ծրագիրը:
Ծրագրի առաջին փուլում իրականացվել է արևային ֆոտոէլեկտրական ոլորտում միջազգային և տեղական ստանդարտների, տեխնիկական կարգավորումների և համապատասխանության գնահատման հետ կապված բացերի վերլուծություն, մշակվել է բացերի վերլուծության հաշվետվություն: Վերլուծության արդյունքների հիման վրա մշակվել է նաև ճանապարհային քարտեզ՝ ստանդարտների, տեխնիկական կարգավորումների և համապատասխանության գնահատման հետ կապված շուկայում ամենակարևոր բացերը լրացնելու համար:
Այս առիթով հունվարի 23-ից 24-ը Հայաստան էին ժամանել ծրագրի ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետները՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին և հանդիպելու ծրագրի մասնակիցների ու շահառուների հետ։
Հունվարի 23-ին IBIS Yerevan Center հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում արևային ֆոտովոլտային համակարգերի ոլորտը ներկայացնող մի շարք մասնավոր ընկերությունների, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչների միջև, որոնք առնչություն ունեն էներգետիկ համակարգի հետ։ Հանդիպման ժամանակ բարձրաձայնվեցին ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, քննարկվեցին բացերը և դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Հանդիպման ավարտից հետո ՍՉԱՄ-ի աշխատակիցները ծրագրի միջազգային փորձագետների, ներկայացուցիչների, շահառուների հետ այցելեցին «ՕՊՏԻՄՈՒՄ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության արևային ֆոտովոլտային կայան` տեղում տեսնելու և ծանոթանալու կայանի աշխատանքին և բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը։
Հունվարի 24-ին ՍՉԱՄ-ում կայացավ հանդիպում տեխնիկական կոմիտեի անդամների հետ։ Մանրամասնվեցին նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը, ծավալվեց քննարկում բացերի և խնդիրների լուծման վերաբերյալ, հստակեցվեցին հետագա անելիքները։