Նորություններ
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ ՍՉԱՄ ՓԲԸ) ԿՕՕՄԵՏ № 890/KZ/23 ծրագրի շրջանակներում առաջին անգամ մասնակցել է թվային ջերմաչափի պիլոտային համեմատություններին, որն ընդգրկում է -30 °C-ից մինչև +200 °C ջերմաստիճանի տիրույթը: Համեմատությունն իրականացրել է «Ղազախստանի ստանդարտացման և չափագիտության ինստիտուտ» հանրապետական պետական ձեռնարկությունը (КазСтандарт)՝ որպես համակարգող լաբորատորիա «Ուզբեկստանի չափագիտության ազգային ինստիտուտ» պետական ձեռնարկության, «Տաջիկստանդարտ» գործակալության և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության մասնակցությամբ:
Նման համեմատությունների նպատակն է ստուգել մասնակից երկրների չափագիտության ազգային ինստիտուտների տրամաչափարկումների և չափումների հնարավորությունները ISO/IEC 17025 ստանդարտի պահանջներին համապատասխան:
Որպես համեմատության ջերմաչափ՝ ՍՉԱՄ ՓԲ ընկերությունն օգտագործել է էտալոնային պլատինե դիմադրության ջերմաչափ, որը ներառված է ՀՀ ջերմաստիճանի միավորի Ազգային էտալոնի կազմում:
Չափումների արդյունքները մշակելուց և յուրաքանչյուր կետում ընդլայնված անորոշությունը հաշվարկելուց հետո կազմվել է համեմատական հաշվետվություն և ուղարկվել պիլոտային լաբորատորիա:
|En| մեծության վերլուծությունը ցույց է տվել, որ չորս մասնակից երկրներից երեքը, այդ թվում՝ Հայաստանը, դրական արդյունքներ են ստացել |En| ≤ 1: Սա հավաստում է այն, որ այս լաբորատորիաների չափումների արդյունքները հաստատում են իրենց հայտարարված ընդլայնված անորոշությունները: