ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 2024

20/05/2024 Նորություններ

Ամեն տարի մայիսի 20-ին նշվում է Չափագիտության համաշխարհային օրը, որն ամենամյա տոնակատարություն է՝ նվիրված 1875 թվականի մայիսի 20-ին 17 պետությունների կողմից ստորագրված Մետրաչափական կոնվենցիայի ստորագրմանը։ Մետրաչափական կոնվենցիայի սկզբնական նպատակն էր չափումների համընդհանուր, համաշխարհային միասնականությունը, որն այսօր մնում է նույնքան կարևոր, որքան 1875 թվականին էր:

2024 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մայիսի 20-ը պաշտոնապես ներառել է իր կողմից նշվող միջազգային միջոցառումների/տոների ցանկում՝ որպես Չափագիտության համաշխարհային օր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նման ճանաչումը կնպաստի չափագիտության ոլորտի առավել արժևորմանը և նոր ուղիներ կբացի ոլորտի խթանման համար՝ համահունչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը՝ գիտության և կրթության միջոցով ավելի լավ աշխարհ կառուցելու համար:

2024 թվականի Չափագիտության համաշխարհային օրվա թեման նվիրված է կայուն զարգացմանը և կրում է «Չափում ենք այսօր՝ հանուն կայուն ապագայի» խորագիրը:

Այսօր՝ Չափագիտության համաշխարհային օրվա առթիվ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինն իր հարկի տակ հյուրընկալում է չափագիտական հանրությանը՝ նպաստելով այս բնագավառում շահառուների իրազեկվածության բարձրացմանը, ամրապնդելով պետություն-տնտեսվարող-սպառող հարաբերությունները։

Միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում չափման միջոցներ արտադրող կազմակերպությունները կցուցադրեն իրենց արտադրանքը, իսկ միջոցառման ավարտից հետո հյուրերը շրջայց կկատարեն Ընկերության նորաբաց լաբորատորիաներում։

Հավելենք, որ Չափագիտության համաշխարհային օրը անց է կացվում  Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի շրջանակներում։

Չափագիտության համաշխարհային օրվա նախագիծն իրականացվում է «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի» (BIPM/ԿՉՄԲ) և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության» (OIML/ՕՉՄԿ) կողմից համատեղ։

 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՈԼՈՐՏԻ ԲՈԼՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ՄԱՂԹԵԼՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՎ ՆՈՐԱՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ։