ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ ԿՕՕՄԵՏ-ի կոմիտեի 36-րդ նիստը և միջազգային գիտական համաժողով

11/06/2024 Նորություններ

Սույն թվականի հունիսի 04-05-ը Տաշքենդ քաղաքում (Ուզբեկստան) կայացավ ԿՕՕՄԵՏ-ի կոմիտեի 36-րդ նիստը, իսկ հունիսի 06-ին միջազգային գիտական համաժողով՝ նվիրված Ուզբեկստանում չափագիտության 100-ամյակին։ Վերոնշյալ աշխատանքներին մասնակցել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը և Ռադիոէլեկտրական չափումների լաբորատորիայի վարիչ Արմենուհի Խաչատրյանը։

Նիստի մասնակիցներին ներկայացվեց 2023-2024 թթ. ընթացքում ԿՕՕՄԵՏ-ի գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն՝ ԿՕՕՄԵՏ-ի հուշագրով նախատեսված համագործակցության բոլոր ոլորտների վերաբերյալ։ ԿՕՕՄԵՏ-ի գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումների առումով հաստատվեց ԿՕՕՄԵՏ-ի 2020-2025 թվականների ռազմավարության նոր թարմացված տարբերակը (տարբերակ 2.0) և դրա իրականացման ճանապարհային քարտեզը:

ՀՀ չափագիտության մարմնի կողմից հանգամանալից ներկայացվեցին կատարված աշխատանքները, մասնավորապես՝ երկու նոր տրամաչափարկման լաբորատորիաների հիմնումը, հավատարմագրումը և միջազգային հավատարմագրման դիմելուն ուղղված քայլերի իրականացումը, չորս նոր տրամաչափարկման լաբորատորիաների հիմնումը, ԿՕՕՄԵՏ-ի շրջանակներում որակի համակարգի գնահատման և միջլաբորատոր համեմատությունների անցկացման կարևորությունը և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը։

Զեկույցներով հանդես եկան անդամ երկրների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները (APMP, AFRIMETS, GULFMET, МГС, BIPM, OIML):

ԿՕՕՄԵՏ-ի կոմիտեի 36-րդ նիստի ընթացքում կայացավ կոմիտեի նոր նախագահի ընտրություն՝ ընտրվեց Ուզբեկստանի Հանրապետության չափագիտության ինստիտուտի տնօրեն Լազիզբեկ Սաիդորիպովը, ով ղեկավարելու է կոմիտեն հաջորդ երեք տարիների ընթացքում։

ՀՀ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հրավերով և ԿՕՕՄԵՏ-ի կոմիտեի որոշմամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց կոմիտեի հաջորդ նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու վերաբերյալ։

Երկկողմանի հանդիպում տեղի ունեցավ ՀՀ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանի և Ուզբեկստանի տեխնիկական կանոնակարգման գործակալության տնօրեն Ջումանազարով Ակմալ Ռուզիկուլովիչ հետ՝ ձեռք բերվեցին եղած կապերը խորացնելու և նոր համագործակցություններ հաստատելու մասին պայմանավորվածություններ։ Քննարկվեցին երկկողմ միջլաբորատոր համեմատությունների անցկացման կարևորությունները, իրականացման հնարավորությունները և ուղղություննեը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու կողմերն էլ հանդիսանում են ոլորտում զարգացող երկրներ, միջլաբորոտոր համեմատությունների անցկացումը թույլ կտա ձեռք բերել փորձ և առավել հեշտորեն մասնակցել հիմնական միջլաբորատոր համեմատություններին և գրանցել իրենց տրամաչափարկման և չափման հնարավորությունները՝ «CMCs» տողեր։

Ուզբեկստանի Չափագիտության ինստիտուտի հրավերով ճանաչողական այց կատարվեց ինստիտուտ, մասնավորապես՝ տրամաչափարկման և ստուգաչափման լաբորատորիաներ։