Նորություններ
Սույն թվականի հունիսի 11-ին ԵՄ ֆինանսավորմամբ և Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Չափման միջոցների միջազգային ուղեցույցներ» թեմայով։
Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել չափման միջոցների (2014/32/eu) ԵՄ կանոնակարգի պահանջներին, մասնավորապես` չափագիտական վերահսկողության համար կիրառվող չափման միջոցներին, մեթոդներին, չափման միջոցների համապատասկանության գնահատման ընթացակարգերին և օրենսդրական կարգավորումներին առնչվող հարցերին։
2014/32/EU կանոնակարգը ներկայացնում էր չափագիտության միջազգային փորձագետ Սորին Գրեսիտան։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ վարչապետի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, այլ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Աշխատաժողովը կազմակերպվել էր ՀԸԳՀ (CEPA) համաձայնագրի ներքո, որի նպատակն է համապատասխանեցնել հայկական արտադրանքի որակը եվրոպական չափանիշներին։