Նորություններ
Սույն թվականի հունիսի 26-27-ը Ամստերդամում (Նիդերլանդների Թագավորություն) կայացավ Եվրոպական ստանդարտացման և Եվրոպական էլեկտրատեխնիկական հանձնաժողովների (ՍԵՆ/ՍԵՆԵԼԵԿ) ամենամյա վեհաժողովը, որը կազմակերպվել էր Նիդերլանդների ստանդարտացման ինստիտուտի (NEN) կողմից: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը և տնօրենի տեղակալ Հայկ Զեյնալյանը։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին ՍԵՆ/ՍԵՆԵԼԵԿ – Եվրոպական ստանդարտացման և Եվրոպական էլեկտրատեխնիկական հանձնաժողովների և եվրոպական ստանդարտացման համակարգի ռազմավարական առաջնահերթությունները, միաժամանակ կարևորվեցին կանաչ և թվային տնտեսության անցումներում հաջողության հասնելը, եվրոպական արդյունաբերության հզորացումը, թվայնացման գործընթացը և մրցունակ, նորարար և ներառական տնտեսության խթանումը՝ մատնանշելով դրանցում ստանդարտացման դերը։
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը վեհաժողովի շրջանակներում եվրոպացի գոծընկերներին ներկայացրեց ՀՀ-ում եվրոպական ստանդարտների հիման վրա ազգային ստանդարտների մշակման ընթացիկ վիճակը, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ստանձնած պարտավորություններով իրականացվող աշխատանքների վերաբերյալ։
Վեհաժողովի ընթացքում ընդունվել են ֆինանսական, տարեկան գործունեության և ծրագրերի իրականացման հաշվետվությունները, քննարկվել են եվրոպական ստանդարտացման համակարգի զարգացման հեռանկարները՝ ԵՄ ստանդարտացման ռազմավարության և ստանդարտացման առաջնահերթությունների համաձայն։