Նորություններ
Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում տեղի ունեցավ Ծրագրի ղեկավար կոմիտեի 3-րդ նիստը։
Նիստին ներկա էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը, նախարարության աշխատակիցները, Հավատարմագրման ազգային մարմնի տնօրեն Անի Օբոսյանը, Եվրամիության, UNIDO-ի, Գերմանիայի «Ֆիզիկա-տեխնիկական դաշնային ինստիտուտ»-ի (PTB), Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և ՍՉԱՄ-ի ներկայացուցիչները։
Հանդիպման սկզբին ՍՉԱՄ տնօրեն Ալբերտ Բաբայանը մասնակիցներին ներկայացրեց Էլեկտրական մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի համար «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում ձեռքբերված նոր սարքավորումները։
Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ընդգծեց միջազգային կազմակերպությունների հետ ԱՉԱՄ-ի ակտիվ համագործակցության կարևորությունը՝ հայաստանյան չափագիտական ոլորտի զարգացման գործում։
Ղեկավար կոմիտեի 3-րդ նիստի ընթացքում ամփոփվեցին վերոնշյալ ծրագրի աջակցությամբ վերջին ամիսներին իրականացված միջոցառումները և ներկայացվեցին ձեռքբերումները։ Քննարկվեցին առկա խնդիրները և միաձայն ընդգծվեց ոլորտային առաջընթացը։
Հարկ է նշել, որ ծրագրի արդյունքում հզորացվում են ՍՉԱՄ-ի լաբորատոր կարողությունները, միջազգայնորեն ճանաչելի են դառնում տրամաչափարկման և չափումների արդյունքները, մասնավորապես՝ հիմնվում են տրամաչափարկման նոր լաբորատորիաներ և աշխատակիցների համար կազմակերպվում են շարունակական վերապատրաստումներ։ Ավելին՝ ոլորտը կարգավորող օրենսդրությունը մոտարկվում է եվրոպական և համաշխարհային փորձին։
Նիստի ավարտին անդրադարձ կատարվեց հետագա անելիքներին և որոշվեց առաջիկա աշխատանքային քարտեզը։