Նորություններ
Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ համագործակցությամբ կազմվել է «Ստանդարտացումը սառնամատակարարման և օդորակման ոլորտում» ձեռնարկը:
2025 թվականի մայիսի 2-ին և 6-ին Արմավիրի տարածաշրջանային և Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջներում կազմակերպվել են միջոցառումներ, որոնց մասնակցել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի, Սառեցման, օդորակման և ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները, քոլեջների դասախոսական անձնակազմն ու տնօրենները, «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության, ինչպես նաև «Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն», «Ապրանքագիտություն» և այլ բաժինների ուսանողներ:
Ուսանողների համար կարդացվել են դասախոսություններ ստանդարտների և դրանց կիրառման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս տրամադրվել է «Ստանդարտացումը սառնամատակարարման և օդորակման ոլորտում» ձեռնարկը։ «Հիդրոֆտորածխածինների փուլային կրճատում» ծրագրի (KIP) շրջանակներում, որը նույնպես իրականացվում է ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ, ձեռք են բերվել Օզոնի ծրագրի և շահագրգիռ բոլոր կողմերի հետ մշակված և գործողության մեջ դրված սառնամատակարարման և օդորակման ոլորտի թվով 7 ստանդարտների փաթեթները, որոնք տրամադրվել են քոլեջներին «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ուսումնական ծրագրի մեջ ներառելու և կիրառելու նպատակով: