Նորություններ
2025 թվականի հունիսի 23-24-ը Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) 67-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ազգային մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Ստանդարտացման Բյուրոյի ներկայացուցիչները: Նիստին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանի գլխավորությամբ մասնակցում էին տնօրենի տեղակալ Արտակ Շահբազյանը, Կառավարման համակարգի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը, Ռադիոէլեկտրական չափումների լաբորատորիայի վարիչ Արմենուհի Խաչատրյանը։
Նիստի օրակարգում ներառված էր ավելի քան 30 հարցի քննարկում, որոնք ուղղված էին ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտներում գործունեության կատարելագործմանը՝ գիտական, տեխնիկական և առևտրատնտեսական կապերի ամրապնդման արդիական խնդիրների լուծման համար։
Հունիսի 23-ին տեղի ունեցավ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի անդամների նիստը՝ «նեղ» ձևաչափով, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության «Տեխնիկական կարգավորման և չափագիտության Դաշնային գործակալության» և Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության միջև 2025-2027 թվականների համար ստորագրվեց Ստանդարտացման և չափագիտության ոլորտում համագործակցության փոխըմբռնման մասին հուշագրի իրականացման վերաբերյալ Համատեղ աշխատանքային պլան: Քննարկվել է նաև «Ստանդարտացման մասին» նոր մոդելային օրենքի մշակման հարցը:
67-րդ նիստի շրջանակներում ստանդարտների բյուրոյի կողմից ներկայացվեց զեկույց ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 66-րդ նիստի որոշումների կատարման ընթացքի, գիտատեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերի արդյունքների, Բյուրոյի կատարած աշխատանքների վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ՄՊԽ-ի զարգացման ռազմավարության իրականացման գործողությունների պլանի կատարման ընթացքը, 2024-2025 թվականների միջպետական ստանդարտացման ծրագրի իրականացման արդյունքները, 2026-2027 թվականների միջպետական ստանդարտացման ծրագրի ձևավորման աշխատանքների մեկնարկը, ինչպես նաև օրակարգով հաստատված այլ հարցեր։