Նորություններ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) անդրադարձել է Հայաստանում չափագիտության օրենսդրության արդիականացմանն ու «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի փոփոխություններին։
«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի փոփոխված տարբերակի ընդունումը նպատակ ունի արդիականացնել ազգային չափագիտության համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։
UNIDO-ն օրենսդրական փոփոխությունը կարևոր շրջադարձ է համարել համակարգի արդիականացման գործում, այն միտում ունի խթանել արդյունաբերությունը, բարձրացնել առևտրային մրցունակությունն ու կայուն զարգացում ապահովել։
Այս արդիականացումը երաշխավորում է, որ երկրի տարածքում իրականացվող բոլոր չափումները՝ արդյունաբերությունից մինչև առողջապահություն, կլինեն ճշգրիտ, հուսալի և հետագծելի։ Սա կարևոր նշանակություն ունի սպառողների իրավունքների պաշտպանության, ապրանքների և ծառայությունների անվտանգության բարձրացման, ինչպես նաև հանրային առողջության և շրջակա միջավայրի պահպանության համար։
«Աջակցություն Հայաստանի որակի ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում hամապարփակ և ներառական մոտեցում ապահովելու նպատակով օրենքի փոփոխությունը մշակել է միջգերատեսչական աշխատանքային խումբը, որում ընդգրկված էին ՀՀ վարչապետի աշխատակազմի, Էկոնոմիկայի նախարարության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի և Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ ու փորձագետներ։
Փոփոխված օրենսդրության նպատակն է պաշտպանել սպառողների իրավունքներն ու օրինական շահերը ոչ ճշգրիտ չափումների բացասական հետևանքներից՝ միաժամանակ ստեղծելով տեխնիկական հիմք Հայաստանի տնտեսական առավել արագ զարգացման համար։
«Աջակցություն Հայաստանի որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագիրը շարունակում է զարգացնել ազգային չափագիտության համակարգը՝ իրավական, ինստիտուցիոնալ և տեխնիկական մակարդակներում։ Միջազգային ճանաչում ունեցող չափագիտական ծառայությունների ձևավորման միջոցով նախաձեռնությունը նպաստում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու գլոբալ շուկաներին ավելի խոր ինտեգրմանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ https://hub.unido.org/news/armenia-modernizes-metrology-legislation-boost-trade-competitiveness-and-sustainable