Նորություններ
ԵՄ պատվիրակության հրավերով Երևանում է արդյունքների մոնիթորինգի (ROM) միջազգային փորձագետ պարոն Քոլմ Մքքլեմենտը։
Այցի նպատակն է ԵՄ/ՄԱԱԶԿ «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքի» ծրագրի մոնիթորինգի իրականացումը, մասնավորապես, Ծրագրի համապատասխանությունը չափագիտության արդի կարիքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով իրականացման ընթացքին, ինչպես նաև արդյունքներին:
Պարոն Մքքլեմենտը այցի շրջանակներում հանդիպեց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (ՍՉԱՄ) տնօրեն Ալբերտ Բաբայանի և որակի կառավարիչ Ավետիս Գևորգյանի հետ:
Պարոն Մքքլեմենտը նաև հանդիպեց ՍՉԱՄ-ի ներկայացուցիչների հետ, որոնք վերջերս մասնակցել են օրենսդրական չափագիտության COOMET-ի դասընթացին: ՍՉԱՄ-ի ներկայացուցիչները կիսվեցին իրենց տպավորություններով դասընթացի և կարողությունների զարգացման շարունակական աշխատանքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ-ի միջոցով իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքին» ծրագրի նպատակն է ուժեղացնել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կարողությունները՝ կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ ապահովելու նպատակով։